| Дата: Среда, 09.03.2011, 11:15 | Сообщение # 1 |
Лейтенант
Сообщений: 64
| ԾԱՂԻԿՆԵՐԻ ԵՐԳԸ (հեղինակ՝ Հովհաննես Թումանյան)
Մեծ գոլն ընկավ, ձընհալն ընկավ, Հողը շընչեց, զեփյուռն եկավ, Արևն ելավ վառ ճառագած, Հարցմունք արավ հողին հակված.
Արևը
— Սիրուն աղջիկ, ի՞նչ ղըրկեմ քեզ։
Աղջիկը
— Ես ծաղիկներ կուզեմ պես-պես։
Արևը
— Ա՛յ աղբյուրներ, ա՛յ գետակներ, Սառցի ներքև քընա՞ծ եք դեռ. Դո՛ւրս եկեք, դո՛ւրս,
Շո՜ւտ, դեպի լուս, Նոր աշխուժով Ու նոր ուժով Կարկաչեցեք Ու կանչեցեք
Հողում քընած սիրուններին՝ Ծաղիկներին ու ծիլերին։
Ջրերը
— Վո՛ւշ-վո՛ւշ, վո՛ւշ-վո՛ւշ, Էս ի՛նչքան, ուշ... Աղջի՛, աղջի՛, ծիլ-ծաղիկներ,
Քանի՞ քընեք, վե՜ր կացեք, վե՛ր. Խընկածաղիկ, Ծընկածաղիկ, Արևքուրիկ, Շար-շարուրիկ,
Հասմիկ, հափրուկ, Ամանկոտրուկ, Հորոտ-մորոտ, Աղավնարոտ, Կոճղեզ, ճանդուկ
Քուրդ, ճարճատուկ, Հարսնածաղիկ, Ոսկեծաղիկ, Խաշխաշ, ծըծուկ, Վարդ, երիցուկ,
Մուշկ-վաղմեռուկ, Պուտ, վառվըռուկ, Շըրվան, մըրվան, Շուշան, ռեհան, Ապրեմ-չապրեմ,
Բուրեմ-մարեմ... Քանի՞ քընեք հողի միջին, Եկեք էստեղ, սարի լանջին, Առվի ափին, հովիտներում, Ժայռի տակին, հովիտներում,
Կանաչ խոտով, Անուշ հոտով Ծիծաղեցեք Ու ծաղկեցեք։
Ծաղիկները
— Բարև, բարև, կարմիր արև,
Ա՜խ, ի՜նչ լավ է դեպի վերև– Աղա՜տ, լո՜ւյս, տա՜ք, Կապո՜ւյտ, հըստա՜կ...
Արևը
— Սիրո՞ւմ եք ինձ...
Ծաղիկները
— Ա՜խ էնպես եմ սիրում,
էնպե՜ս, Էլ առանց քեզ չեմ ապրիլ ես... — Ես քեզ հետ եմ ուր որ գընաս... — Ես կըտըխրեմ՝ որ հեռանաս...
Արևը
— Ապա եթե ձեզ համբուրե՞մ...
Ծաղիկները
— Ես հաճույքից կըկարմրեմ... — Ես կըբուրեմ... — Ես կըմարեմ...
Արևը
— Ա՛յ անուշներ. Ա՛յ քընքուշներ,
Ապրեմ-չապրեմ, բուրեմ-մարեմ. Բաժակներդ բացեք իմ դեմ, Հազար գունի, հազար ձևի, Պայծառ, ծավի ու ծարավի, Լըցնեմ շողով,
Գոհար ցողով, Ջերմ եթերով, Նուրբ թըրթիռով, Կյանքի հյութով, Խունկի հոտով,
Ա՛յ անուշներ, Ա՛յ քնքուշներ...
Աղջիկը
— Էս ի՜նչ անթիվ ծաղիկներ կան. Ոսկի-դեղին, կարմիր, դեղձան, Մոռ, ծիրանի, ճերմակ, պուտ-պուտ,
Ալ, նարընջի, մավի, կապուտ, Բացվել, լըցվել, ծաղկել են վառ, Ողջ ինձ համա՜ր, ողջ ինձ համա՜ր...
|
|
|
|