Եղավ՝ մի անգամ անտառի միջին Արծիվն ու Կաղնին էսպես վիճեցին, Թե ո՜րն իրենցից շատ տարի կապրի, Ո՜րն է դիմացկուն ու պինդ ավելի:
Արծիվն ասավ՝ ես. Կաղնին էլ թե՝ ես: Երկուսն էլ համառ ու հըպարտ էսպես՝ Մեծ-մեծ պարծեցան, սաստիկ վիճեցին, Վերջը էս տեսակ պայման կապեցին: Ժամանակ դըրին հինգհարյուր տարի
Արքան հավքերի, արքան անտառի, Որ թե որոշված էն օրին հասնեն, Էն օրը մին էլ գան իրար տեսնեն: Ու Արծիվն իսկույն Կաղնուց հեռացավ, Հըզոր թևերը շարժեց, վերացավ
Դեպի ամպերը, դեպ ժայռերը, Ուր անց է կացնում իր լավ օրերը: Կաղնին էլ փըռեց ճյուղերն երկաթի, Խո՜ր ու խոր մխեց ճանկերն արմատի Ու էնպես հուժկու կանգնեց անտառում,
Որ վայր չընկնի էլ հինգհարյուր տարում: Դարե՜ր անց կացան: Եվ ահա մի օր Արծիվը եկավ ծերացած, անզոր, Ծըվոցը կըտրած, տըկար, հևալով, Թույլ-թույլ թևերը հազիվ քարշ տալով
Տեղ հասավ մի կերպ, նայեց դես ու դեն, Տեսավ, որ Կաղնին ընկել էր արդեն. Ճյուղերը թեև դեռ թարմ ու կանաչ, Ընկել էր ահեղ փոթորկի առաջ: — Հե՜յ, կանչեց, գոռոզ, պարծենկո՜տ Կաղնի,
Դե լավ ճանաչիր ինձ ու քեզ հիմի. Հինգհարյուր տարուց մի ժամ էլ դեռ կա, Ընկել ես արդեն, անկոտրում հըսկա: — Հինգհարյուր տարի ապրել եմ կանգնած, Էդքան էլ կապրեմ դեռ էսպես թիկնած,
Մինչև լըրանա մի հազար տարին: Պատասխան տըվավ ընկած վիթխարին: