| Дата: Среда, 09.03.2011, 11:15 | Сообщение # 1 |
Лейтенант
Сообщений: 64
| ՀՈԳԵՀԱՆ (հեղինակ՝ Հովհաննես Թումանյան)
Փոցխովի ձորում ծաղկում էր Շամոն, Կուսական գարուն ու սեր շընչելով, Փոցխովի ձորում թոշնում էր Համոն, Ծաղիկ աղջըկա սիրուց տանջվելով:
— Չէ՛, չեմ հավատում իսկի քո սերին, Դու սուտ ես ասում, դու չես սիրում ինձ… Ասում էր Շամոն սիրահար տըղին Ու հեռո՜ւ-հեռու հըրում իրանից:
Ու դարձյալ գընաց տըղան սիրակեզ.
Ո՞ր կըրակն ընկնեմ, Շամո, որ գըթաս. Սիրտս չեմ կարող, թե հանեմ տեսնես — Ի՞նչ անեմ ուրիշ, որ ինձ հավատաս:
— Տեսնո՞ւմ ես, ահա, ասավ աղջիկը, Ցույց տալով լերան գագաթը ահեղ.
Ինձ դիր քո ուսին, սըրինգըդ փըչիր, Ու վե՜ր, պարելով՝ տար մինչև այնտեղ:
Երբ որ կըհասնենք էն սարի գըլխին, Այնժամ կիմանամ, որ սիրում ես ինձ, Այնտեղ կըլինեմ ես քո սիրուհին,
Ու սիրով կապված կիջնենք այնտեղից:
Ու դըրավ ուսին սիրած աղջըկան, Սրինգը հընչեց, ըսկըսեց պարը, Ճանապարհ ընկավ սիրահար տըղան Դեպի ամպամած լերան կատարը:
Գընում է, գընո՜ւմ սեպ ժայռերն ի վեր, Ու պար է գալի, և անվերջ ածում. — Դեռ շա՜տ է հեռու… որտե՜ղ ես դու դեռ… Դու ինձ չես սիրում, դու սուտ ես ասում…
Ծալվում են հոգնած ծընկները տակին,
Քըրտինքը վազում ճակատից ներքև, Բերանն է հասել — թըռչում է հոգին, Աչքերը մթնում, շընչում հևիհև:
— Չէ՛, չեմ հավատում ես դեռ քո սերին, Դեռ շատ է հեռու գագաթը լերան…—
Ասում է Շամոն նըստած ուսերին, Ճըգնում է նորից ուժասպառ տըղան:
Արդեն ամպերի տակին է պարում: Մոտիկ է արդեն գագաթը ձյունոտ, Վերջին ուժերը հավաքում, լարում,
Դարձյալ մի պըտույտ, դարձյալ մի ոլորտ…
Մի քիչ էլ… քիչ էլ… վերջապես հասավ, Վայր դըրավ ուսից սարի կատարին. — Հոգիս հանեցիր, օ՜ֆ Շամո… — ասավ, Ասավ ու ընկավ սըրինգը ձեռին:
— Այժմ քո սերին հավատում եմ ես, Այս ժամից ահա քոնն եմ հավիտյան, Ճըչաց աղջիկը, գըրկեց վերջապես, Գըրկեց Համոյի… դիակն անկենդան:
Այժըմ էլ ժեռուտ սարի գագաթին
Դեռ ցույց են տալի մի հին գերեզման, Պատմում, ափսոսում անբախտ իգիթին, Ու սարի անունն ասում Հոգեհան…
|
|
|
|