Ուշ գիշեր է: Գյուղի վրա արդեն քնած Տարածվել է հանդարտություն մի անձկալի: Միայն կալսիչն է աղմըկում, այն մեքենան, Որի ձայնը անպակաս է ամռան կալից:
Կարոն, նստած սեղանի դեմ, Ինքնահոսով (թանկ նվերը քեռի Յանի` Սլովակյան նախկին խառատ-պարտիզանի, Որ Կարոյին է ընծայել: Երբ Սոֆիա են մերոնց մտել), Նա նամակ է գրում հիմա Իր ընկերոջը` Սերգեյին:
Մի պահ տրվում է մտքերին… …Անց կենալով կռվի դաժան Անագորույն ճանապարհով Միշտ միասին և անբաժան`
Ռուս Սերգեն ու հայ Կարոն Մաքառումով ու պայքարով Պերեկոպից Բեռլին հասան` Իրենց սրտում արծածելով Խաղաղ կյանքի կրակն այրող:
Հաղթանակով ետ դառնալով Ամեն մեկը դեպի իր տուն, Նրանք տարան իրենց սրտում Մի այնպիսի մտերմություն, Որ ոսկու պես չի ժանգոտում:
Փոստի բանուկ ճանապարհով Անվերջ եկան ու գնացին Նամակները հարանման` Զինվորական սովորությամբ Հատուկ ծալված` սրտի նման:
Բարևներ ու ցանկություններ Եվ հարցումներ խիստ գործնական. -Ձեր կոլխոզում ի՞նչն է պակաս… -Դուք ի՛նչ ունեք և ի՛նչ չունեք… -Հարցնում է քեզ Խեչան քեռին Դաշտապաշտպան անտառներից: Ձեզ մոտ ո՞ր ծառն է լավ աճում: -Ախր չունենք մենք սերմ կեչու… -Սերմը ոչինչ, մենք կուղարկենք: Մի դու գրիր` ո՞նց եք անում, Որ այնպես լավ է դիմանում Ձեր պանիրը «Դարալագյազ» (Որ կերել ենք մենք ֆրոնտում): Նա շատ շուտ է մեզ մոտ հոտում: Գրիր տեսնենք ինչն է պակաս: -Դա հեշտ է շատ: Մի դու ասա. Մեկ հեկտարից ինչքա՞ն կտաք… -Կանչում ենք ձեզ սոնցմրցության: Ձեր լիազորն եմ ես այստեղ, Իսկ քեզ այնտեղ` ձեզ մոտ, անշուշտ, Մեր վստահված անձն ենք հաշվում…
Նամակներն են գնում-դառնում, Եվ հեռակա նամակներով Երկու մեծ գյուղ, երկու կոլխոզ Իրար հետ են ծանոթանում: -Ձեզ բարևներ Դանել քեռուց, Նա քեզ շատ է մտաբերում, Հարցնում է նա` մեղվանոցից Ինչքա՞ն է ձեր բերքը միջին: -Հա՛, բարևիր և Մկրտչին, Հայտնիր նրան, որ փաթեթով Նա կստանա, և շատ շուտով, Շատ օգտակար մի բրոշյուր Ե՛վ ֆերմայի, և՛ իր համար: Այսպես ահա` ամեն նամակ, Որ գնում է ու ետ դառնում, Պատկանում է ամբողջ գյուղին, Ողջ կոլխոզին է պատկանում:
Բանն այս ձևով այնտեղ հասավ, Որ երբ Կարոն անցած ձմեռ Այցի գնաց Բորիսովո, Ոչ թե միայն Սերգեյը մեր, Այլ նրա հետ կոլխոզը ողջ Դիմավորեց Կարապետին, Որպես մոտիկ հարազատի:
Եվ կատարվեց նույնը նաև Այս գարնանը: Շրջգործկոմի Շոֆեր Հայկը միտն է պահել Ու պատմում է սրան-նրան: Դեռ չհասած Սովետաշեն, Նա կանգնում է ջուր վերցնելու Եվ ուզում է շարժվել առաջ, Երբ մի քանի երեխաներ Ճանապարհին են կտրում նրանց: -Այս ի՞նչ գյուղ է, երեխաներ,- Լսվում է ձայնը Սերգեյի: -Դե մեր գյուղն է, էլ ո՞ւմ, քեռի: -Ա՜յ դու ճստիկ, - և մեղմաձայն Ծիծաղում է ուրախ քեռին:- Այդ իմացանք, բայց դուք ասեք Ո՞նց է կոչվում: -Սովետաշե՛ն: -Իսկ դուք, քեռի, ո՞վ կլինեք,- Երեխան է հարցնում հիմա: Ծիծաղում է քեռին կամաց, Ուշացնում է պատասխանել: Երեխեքը մոտ են գալիս, Մի պահ նայում, զննում նրան, Եվ ի՜նչ… Հանկարծ միանգամից Եվ համարյա միաբերան Բղավում են. -Սերգե՜յ քեռի… Աղմկում են, ուրախ կանչում. -Տո, մենք ինչպես չհասկացանք… Եվ թողնում են ու գյուղ փախչում, Որ շուտ հայտնեն լուրն ամենքին` Մոռանալով մանկան նման, Չհիշելով, որ մեքենան Իրենցից լավ վազել գիտի… Ահա նորից անասնաբույժ Ընկերոջն է գրում Կարոն: Ե՛վ իր կողմից, և՛ ողջ գյուղի Նախ հղում է հազար բարով, Այնուհետև պատմում սիրով, Իր, կոլխոզի կյանքից: Կարոն Նույնիսկ ինքն էլ չի նկատում, Թե աննկատ խոսքը մեկ էլ Ինչպես հանկարծ հեռվից եկել Ֆերմայի շուրջն է պտըտում: -«Մեր կողմերում հնուց ի վեր Սովորույթ է. ամեն ձմեռ Ձյունն է պատում երբ քար ու սար` Խորխորատներ, ծերպեր, ձորեր Դարձնելով հարթ հավասար,- Ոչխարների հոտերը հոծ Միշտ քշում են ձմեռանոց: Լեռներն այնտեղ բուրգերի պես Բարձրանում են իրար վրա, Բազմահարկ են կազմում ասես. Ձորերն, ինչպես թրեր հատու Նրանց լանջերն են կտրատում` Բաց անելով լայնաբերան Քարափներ ու անտակ վիհեր: Այդ ձորերը քարայծների Հայրենիքն է: Ձորի միջով Մեկ էլ տեսար սլացավ վեր Կամ թե հարյուր մետր վերից` Ուղղահայաց քարափներից Լողորդի պես ներքև նետվեց Ահաբեկված մի խենթ քարայծ` Միշտ ընկնելով եղջյուրներին, Որ նման են զույգ ծառերի Նրա գլխում արմատ խրած… Եվ մեր այդ վեհ լեռնաշխարհի Համարյա թե ամեն սարի, Ամեն վիհի, քարափի մեջ Բացվում է մի փոքրիկ կամ մեծ, Նեղ կամ արձակ Մութ քարանձավ: Սովորությամբ մեր պապերի, Գուցե արդեն երկար դարեր, Այս կողմերում կարգ է դառել. Ամեն ձմեռ, ամեն տարի Ղշլաղ քշված հոտը պահել Այս այրերում հսկայական: Ի՞նչ կա այստեղ անբընական: Դատողությամբ առողջ ու պարզ Այլ կերպ վարվել չէր կարելի. Քարայրը նախ` տաք է, ապա` Լավ պահում է ու պահպանում Հոտը գողից ու գայլերից: Այսպես են միշտ ձիգ դարերից Մինչև այսօր դատել մերոնք, Եվ նրանց հետ, Սերգե՛յ, ես էլ: Ինչպես անցներ մեր մտքերով, Թե գեղեցիկ մի օր կգա, Եվ այն, ինչ որ խիստ բնական, Պարզ էր թվում մեր բոլորին, Կհարուցի կասկած խորին: Եվ հարուցեց Կասկածն այդ մեծ Քեզ քաջ հայտնի Միկիչ քեռին: Երեկ եկավ դիմեց նախ ինձ, Թե սխալ է – հոտ ու նախիր- Տանել պահել քարայրներում: Անցած ձմեռ նա կուրսերում Սովորել է, թե ուղղակի Քարանձավը հոտի համար Ոչ թե հարմար կամ անհարմար, Այլ մահացու է կրկնակի: Ծանր հոտը ամոնյակի Եվ ծանրածի, Եվ ծնվածի, Ուլի, գառան Մահն է միայն: Այնուհետև,-ասում է նա,- Ամեն անձավ, ամեն քարայր Շտեմարան է վարակի: Ամեն տեսակ տիզ վարակիչ, Ամեն տեսակ միկրոբ, բացիլ Այնտեղ դառնում են «պահածո»: Եվ վարակի հարցից բացի` Լո՜ւյսը…Նույնիսկ «լուսն աստծո» Չի թափանցում այնտեղ բնավ: Օդը այնտեղ գաղջ է, խոնավ, Ծանր ու հոտած: Երբ այդ օդին Վառված մարխը չի դիմանում, Է, ինչո՞ւ ենք մենք զարմանում, Որ ոչխարի, գառան հոտից Ամեն տարի` ամեն գարուն Մենք տալիս ենք ծանր կորուստ: Եվ Միկիչը մի կոշկի մեջ Զույգ ոտները դրած ամուր, Բարձրացրեց երեկ աղմուկ` Պահանջելով, որ այսուհետ Մեր հոտերը ոչ մի դեպքում Ձմեռանոց էլ չքշենք: Իսկ դա ի՞նչ է նշանակում. Այն, որ պիտի ձայնը լսենք Մենք գիտության. ոչ թե քշենք Հոտը լցնենք քարայրի մեջ, Այլ հենց գյուղում` արձակ ու մեծ Ձմեռանոց շինենք հիմա Ոչխարների հոտի համար` Ըստ գիտության պահանջների Մեծ, լուսավոր, տաք ու հարմար…